Հայ-իրանական ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտություն ունենք. Վարդան Ոսկանյան
«Հայ-իրանական հարաբերություններն աչքի են ընկնում մի քանի առանձնահատկություններով»,- ՀՀ ԳԱԱ-ում կայացած «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, ըստ էության, մեր տարածաշրջանում, ըստ Բեհիսթունյան արձանագրության՝ Դարեհ Մեծի թողած գիտական ցանկից, այժմ ներկա են միայն հայերն ու իրանցիները։
Վ.Ոսկանյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը, պատմական փոփոխություններով հանդերձ, ըստ էության, աշխարհի հնագույն սահմաններից է. «Աշխարհում քիչ պետություններ կան, որոնք ունեն նման հնագույն սահման և այդ սահմանը նաև երկու պետությունների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է»։
Ըստ նրա եզրակացության, անցած 30 տարիների ընթացքում չէին գիտակցում այդ սահմանի կարևորությունը, այդ սահմանին մոտենում էին որպես մի տարածք Երևանից հեռու, Հայաստանի ծայրամասում գտնվող մի հաղորդակցության գիծ, որը չէր օգտագործվում ըստ հարկի, ըստ անհրաժեշտության ապահովելու թե Հայաստանի, թե Իրանի անվտանգությունը։
«Այդ սահմանն ուներ երկու բաղադրիչ՝ Հայաստան-Իրան բաղադրիչը, Արցախ-Իրան բաղադրիչը, որոնցից մեկը, ցավոք, կորցրեցինք։ Հետևաբար Հայաստան-Իրան հարաբերություններում այդ սահմանի արժեքը շատ դեպքերում շատ ավելի մեծ է, քան Հայաստանի որևէ այլ սահմանի արժեքը, քանի որ այն ապահովում է թե Հայաստանի, թե Իրանի անվտանգության բավականին կարևոր հատվածը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Մյուս կարևոր յուրահատկությունը, ըստ իրանագետի, որ ունեն երկու ժողովուրդները, քաղաքակրթությունները, գործ ունեն երկու ավանդական հասարակությունների հետ, որոնք հիմնված են Իրանի պարագայում՝ իրանական մշակույթի և իսլամի՝ ըստ էության իրանական դրսևորում հանդիսանող շիաական ուղղության վրա, Հայաստանի պարագայում՝ մշակույթի և քրիստոնեության հայկական ուղղություն հանդիսացնող Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու հավատամքի վրա. «Հետևաբար, հայ-իրանական հարաբերությունները սահմանագիծ են նաև իսլամի և քրիստոնեության միջև»։
«Ըստ էության, մեր երկու ժողովուրդներն այն լավագույն օրինակ են, որը կարող է լինել համաշխարհային հարթության մեջ թե ինչպես երկու տարբեր կրոններ դավանող ժողովուրդներ, ինչպես երկու տարբեր մշակութային համակարգեր ու քաղաքակրթություններ ստեղծած ժողովուրդներ կարող են ունենալ նման եղբայրական հարաբերություններ»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծեց, որ այդ հարաբերություններն ինքը համարում է եղբայրական, որի ողջ պոտենցիալը ցավալիորեն չի օգտագործվել և չի օգտագործվում։ Նա նշեց, որ երկու պետությունների գիտնականների առաջնահերթ գործն է՝ երկու պետությունների համատեղ անվտանգային համակարգի ապահովմամբ ստեղծել մշակութային, գիտական միջավայրը, որտեղ այդ հարաբերությունները պետք է խնամվեն, զարգանան, ի վերջո հանգեցնեն, ըստ իրանագետի, հայ-իրանական ռազմավարական դաշինքի կնքման։
«Այո, մենք ունենք դրա անհրաժեշտությունը, քանի որ դա է մեզ կարգադրում այս տարածաշրջանում առկա հսկայական մարտահրավերները սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից։
Մենք՝ այս տարածաշրջանի հնագույն պետություններս, ժողովուրդներս, պետք է մարտահրավերները համատեղ հաղթահարենք»,- իր ելույթում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պահն է նոր թափ ստանան հայ-իրանական տնտեսական, անվտանգային, քաղաքական հարաբերությունները. Մեջլիսի պատգամավոր
- Հայ-իրանական հարաբերությունները կարող են օրինակ հանդիսանալ աշխարհի տարբեր ժողովուրդների համար. ՀՀ ԳԱԱ նախագահ