Սխալ եք ասում, սահմանները չե՛ն ճանաչվել, այլ բանի հետ եք խառնում․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
Սխալ եք ասում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները չեն ճանաչվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Ըստ էության, հարց չունեմ, որովհետև ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի, թե ինչ է կատարվում, բայց մի արձանագրում արվեց, որին չանդրադառալ չեմ կարող։
Քիչ առաջ հնչեց, որ 1991թ անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդարանների կողմից, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները ճանաչվել են։ Սխալ եք ասում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները չեն ճանաչվել, այլ բանի հետ եք խառնում և երբ լսում եմ, թե ինչպես եք պատասխանում հարցերին, ինչպես եք արձագանքում զգացմունային կերպով, հասկանում եմ՝ ինչու ենք այս վիճակում, ինչու են բանակցություններն այս վիճակում և ինչու ենք նման արձագանք ստանում միջազգային գործընկերների կողմից»,- նշեց Վարդանյանը։