«Ժողովուրդ». Ի՞նչ արեց ԲԴԽ-ն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Նախագծի հեղինակները որպես «հստակեցում» են անվանում ԲԴԽ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն:
Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Ասել է թե՝ այս որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամներին քաղաքական իշխանությունները «խաղից դուրս են թողնում», և այսուհետ Աժ-ի կողմից ընտրված 5 գիտնական անդամներով շատ ավելի հեշտ կարող են որոշումներ կայացնել բարձրագույն խորհրդում: Ստացվում է, որ Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ:
Ավելին, այս որոշման ընդունմամբ, ըստ էության, ԲԴԽ-ի ինստիտուտը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալ, քանի որ ԲԴԽ բոլոր անդամների ձայների հիման վրա պետք է որոշում կայացվի, իսկ, ահա, նոր փոփոխությամբ ԲԴԽ 5-ի ձայնի արդյունքում էլ կարող է որոշում կայացվել։ Ստացվում է՝ մյուս անդամները կան, բայց նրանք ուղղակի ֆիզիկապես նստած են, և նրանց ներկայությունը կամ խոսքը ոչինչ է: Իսկ ի՞նչ է կատարվել այս որոշման ընդունումից հետո դատական համակարգում:
Դատական համակարգից «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կարգապահական վարույթների ու դատավորների լիազորությոնների դադարեցման նոր գործընթաց է սկսվում, և այս նախագծի ընդունմամբ ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: