ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ ղեկավարության փիառով. Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջագիրը
Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև «U are not EU» կարգախոսով հավաք-ակցիայի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընթերցեց պահանջագիրը, որը հանձնեցին դեսպանությանը։
Պահանջագրում մասնավորապես նշված է.
«Հայաստանի անկախացումից ի վեր միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա է եղել հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր եվրոպական շատ կառույցներ և հատկապես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին։ Եվ այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել է լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմանակալ պահապանի դերում։
Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։
Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ անհիմն կալանավորումները, դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը… այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն է։ Մինչդեռ եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։
Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում ԵՄ առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումը, ապա հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։
Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների և իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի մասնաբաժին։
Վերոգրյալի հիման վրա՝ արտաքին կապերի եվրոպական ծառայությունից պահանջում ենք՝ վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, ԵԽԽՎ 1900 բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը, վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառվարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում սպիսատ անել ձեր անորակ կադրերին
- Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան. Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին
- Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
- Սամսոնյանը՝ ԵՄ դեսպանին. Դուք այստեղ եք, որ դեղձի չիր չաշխատեք
- ՀՀ-ում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է. Ակցիա ԵՄ դեսպանատան առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի