«Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում Թուրքիան 103-րդն է
Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը։
Նշվում է, որ 2020-ի համեմատությամբ, այնուհանդերձ, Թուրքիան բարելավել է իր տեղը 1 հորիզոնականով՝ հնարավոր 10-ից հավաքելով 4,35 միավոր։
Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկրները Նորվեգիան (9,75 միավոր), Նոր Զելանդիան (9,37 միավոր) և Ֆինլանդիան (9,27 միավոր) են։ Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը՝ 0,32 միավորով։
Զեկույցում առանձնացվում են 4 ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը՝ բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար) 5 չափանիշների հիման վրա՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: