Այսօր որևէ ինստիտուցիոնալ կարգավորումներ, որոնք ունեինք, բառիս բուն իմաստով, այլևս չեն պահպանվել. Խոսրով Հարությունյան
«Արդյոք մեր իրականությունը կարելի՞ է համարել ժողովրդավարական, կարծում եմ, նույնիսկ շատ վառ երևակայության պարագայում դժվար է այդպիսի պնդում կատարել»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ կարծիքին են ոչ միան հայ և ռուս փորձագետները:
Բանախոսը նկատեց, որ ժողովրդավարության ամենամեծ խարիսխը քաղաքացու իրավունքն է, բայց իրականությանը չհամապատասխանող գնահատեց այսօր ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդ համարելու տեսակետը:
«Երբ ասում են՝ մենք հայտարարում ենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, սկսում եմ զարմանալ, քանի որ դիկտատուրա չի կարող լինել ժողովրդավարական որևէ դրսևորմամբ: Դիկտատուրան ինքնին պարտադրանք է, ուժի և բռնության կիրառում»,- ասաց նախկին վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ ամենը երաշխավորելու համար դեռևս 18-րդ դարում ֆրանսիացի լուսավորիչներն առաջ են քաշել պետական իշխանության կազմակերպման շատ կարևոր առանցքային դրույթը՝ իշխանության ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այն պահից, երբ Փաշինյանի հայտարարությամբ շրջափակվեցին դատարանները, այդ պահից սկսած անկախ դատական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ:
«Այսօր հասել ենք նրան, որ դատավորը վճիռ է կայացնում և հաջորդ օրն այդ դատավորին իր կոլեգան կալանքի սանկցիա է տալիս»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին շրջանում ցանկացել է ըմբռնումով մոտենալ նրա որևէ քայլին՝ բանախոսը փաստեց, որ այսօր լրիվ այլ կարծիքի է:
«Այսօր որևէ ինստիտուցիոնալ կարգավորումներ, որոնք մենք ունեինք, բառիս բուն իմաստով, այլևս չեն պահպանվել»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: