«Հրապարակ». Ինչու են Սեյրան Օհանյանին արգելել մեքենայով մտնել ԱԺ բակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձևավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, և Օհանյանին արգելել են։
Կոնջորյանն ու մյուս ուսապարկերը, փաստորեն, չգիտեն, թե ինչ տարբերություն կա իրենց և պատերազմ հաղթած, պատերազմում ոտքը կորցրած գեներալի միջև։ Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։ Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի և դուրս գա տարածքից։ ԱԺ աշխատակազմին խնդրել են՝ թույլ տալ, որ 3-5 րոպե մեքենան կայանված մնա բակում, մինչև Օհանյանին ուղեկցեն աշխատասենյակ։ Համաձայնել են․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել անվտանգությանը, որտեղ Սեյրան Օհանյանի և Զարուհի Բաթոյանի անուններն են եղել։
Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։ Ավելին, վերջինիս համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլևատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերև։ Սեյրան Օհանյանի մասով այս էժան որոշումը որևէ կերպ չեն մեկնաբանում ԱԺ-ից։ Ասացին՝ ռեժիմով այդպես է սահմանված, և վերջ։ Ակնհայտ է, որ հրահանգն ամենավերևից է եկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: