Ժողովրդավարության հետընթաց. Վրաստանը հետ է Հայաստանից և Ուկրաինայից
The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը, գրում է «Ալիք մեդիան»։
Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և Լիբերիայի միջև։
Որպեսզի Վրաստանն անցնի «թերի ժողովրդավարության» ավելի բարձր կարգավիճակի, նրա միավորը պետք է լինի 6-ից բարձր։
Հատկանշական է, որ 2012 թվականին Վրաստանի միավորը եղել է 5,95, 2016 և 2017 թվականներին երկիրը 5,90-ից բարձր միավոր է ունեցել, թեև 2018 թվականից Վրաստանում ժողովրդավարության վիճակը զգալիորեն վատթարացել է։
Ըստ Economist-ի՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում ժողովրդավարության վիճակը վատթարացել է։ Եթե 2020 թվականին համաշխարհային միջին միավորը 5,37 էր, ապա 2021 թվականին այն նվազել է մինչև 5,28։ Ընգծենք, որ երկու դեպքում էլ ժողովրդավարության համաշխարհային միջին ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում։