Հավի միսն ուտե՞լ, թե՞ փորձաքննության հանձնել
Թռչնամսի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Panorama.am-ի հրապարակումից հետո խմբագրությունը սպառողներից հեռախոսազանգեր ստացավ։ Նրանցից շատերը մտահոգված են հավի մսի որակով։
«Տարիներ շարունակ ես գնել եմ մի ընկերության հավի միս։ Դրանով պատրաստած սուպերը, շիլաները տվել եմ նաև թոռնիկներիս։ Հիմա չգիտեմ՝ ի՞նչ ենք կերել, կա՞ն այդ մսում հակաբիոտիկներ, ախտածիններ»,-ասաց խմբագրություն զանգահարած տնային տնտեսուհին։
Նա հետաքրքրվում էր՝ կարո՞ղ է իր նախընտրած հավը հանձնել լաբորատորիա փորձաքննության ենթարկելու համար։
Քաղաքացիների հնչեցրած հարցերի, մտահոգությունների հետքերով Panorama.am-դիմեց սննդամթերքի փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներ՝ պարզելու, ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել թռչնամիսը փորձաքննության ենթարկելու համար, ի՞նչ կարժենա այն, ինչքա՞ն կտևի փորձաքննությունը։
Պարզվում է՝ սպառողները կարող են ցանկացած պահի ցանկացած արտադրանքի փորձաքննություն պատվիրել, սակայն դրա համար կլորիկ գումար է հարկավոր։ Մեկ հավում երեք հակաբիոտիկի, մի քանի ախտածինների մանրէաբանական փորձաքննության համար պետք է մի կողմ դնել մինչև 100 հազար դրամ ու սպասել մինչև մեկ շաբաթ։
Հայաստանում գործում է հավատարմագրված մոտ մեկ տասնյակ լաբորատորիա, որոնք իրականացնում են սննդամթերքի, հավելումների փորձաքննություններ։
Դրանք են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ն, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը, «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Կոնյակի գործարանը, Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը ՍՊԸ-ն, Չափագիտության և ստանդարտացման ազգային կենտրոն ՓԲԸ-ն, ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիան, «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունը։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի հաճախորդների բաժնից Panorama.am-ի հետ զրույցում ասացին՝ աշխատում են թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց հետ։ Առավել հաճախ փորձաքննության պատվիրատուները լինում են արտադրողները, արտահանողները։
«Ցանկացած քաղաքացի կարող է գնել որևէ սննդամթերք, բերել մեզ մոտ։ Մենք ընդունում ենք պատվերը, կատարում ենք փորձաքննություն ըստ գործող կանոնակարգի, տալիս ենք պատասխան տվյալ նմուշի համար»,-ասացին ընկերությունից։
Այս լաբորատորիայում հավի մսում մեկ հակաբիոտիկի պարունակությունը ստուգելու փորձաքննությունն արժեք 15 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, ՄԱՖԱՄ-ի դասական եղանակով փորձաքննությունը 6 հազար դրամ է, սալմոնելայինը՝ 10 հազար դրամ։
ՀԱԲԼԾԿ-ն, որ հիմնական տեսչական մարմնի նմուշառած սննդամթերքն է փորձաքննում, հավի մսում մեկ հակաբիոտիկի ստուգումն իրականացնում է 36 հազար դրամով, մանրէաբանական արագ փորձաքննությունն այստեղ արժե 18 հազար դրամ, յուրաքանչյուր ցուցանիշի դասական փորձաքննությունը՝ 9.6 հազար դրամ։
Հակաբիոտիկի փորձաքննությունը տևում է 1-2 օր, մանրէաբանական փորձաքննությունը դասական եղանակով մինչև մեկ շաբաթ ու նույնիսկ ավելի։
Լաբորատորիաների պատասխանատուներն ընդգծում են՝ փորձաքննության հանձնված նմուշում հայտնաբերված խախտումները չի կարելի տարածել նույն ընկերության նույն արտադրանքի ողջ խմբաքանակի վրա, լաբորատորիաները պատասխանտվություն են կրում միայն ու միայն փորձաքննության հանձնված նմուշի ցուցանիշների համար։
ՀԱԲԼԾԿ-ի տնօրենի տեղակալ Արմենուհի Ավագյանը Panorama.am-ի հետ զրուցում մանրամասնեց, մանրէաբանական ցուցանիշների առումով կարևոր են պահպանման պայմանները։
«Կախված այն բանից, ինչպե՞ս է տեղափոխվել խանութ հավի միսը, հետագայում ինչպիսի պայմաններում է պահպանվել միսը, կարող են մանրէաբանական ցուցանիշները փոփոխվել։ Ենթադրենք, որ նույն ընկերության նույն ատադրանքի նույն խմբաքանակի մի մասը խանութ տեղափոխվել է սառնարանային պայմաններում, մյուս մասը՝ ոչ, հնարավոր է մի խանութում սառնարանը որոշ ժամանակով անջատվել է, միսը հալվել է, հետո էլի սառեցվել... սրանք գործոններ են, որոնք շատ խիստ ազդում են մանրէաբանական ցուցանիշների վրա։ Եթե խանութից գնված մսում հայտնաբերվում են խախտումներ, դա չի վկայում այն մասին, որ արտադրման պահին թռչնամիսն ունեցել է այդ խախտումները»,-ասաց նա։
Լաբորատորիայի փոխտնօրենը բացատրեց, մանրէաբանական առումով գոյություն ունի առաջնային և երկրորդային աղտոտվածություն։ Եթե խնդիրն առաջացել է արտադրողի մոտ, ապա գործ ունենք առաջնային աղտոտվածության հետ, եթե իրացման կետում է խնդիրն առաջ եկել, ապա գործ ունենք երկրորդային աղտոտվածության հետ։
Ի դեպ, «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող ռեստորանում թունավորումների ու աղիքային վարակի պատճառը, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, եղել էր հենց երկրորդային աղտոտվածությունը։
Նույն արտադրողի նույն հավի մսում հակաբիոտիկների առկայության մասով փորձաքննության արդյունքները նույնպես կարող են տարբեր լինել։
«Հնարավոր է՝ թռչնաբուծարանում մի քանի հավ հիվանդ են եղել, նրանց բուժել են հակաբիոտիկով ու չեն սպասել, որ դեղը դուրս գա օրգանիզմից, մորթել են։ Դա նորմալ է, որ բուժման նպատակով պետք է հակաբիոտիկ տան։ Երբմեն դեղը տալիս են նաև հիվանդությունների կանխարգելման համար։ Հետևաբար առողջ կամ ավելի քիչ, ավելի վաղ հակաբիոտիկ ընդունած թռչնի մսում հակաբիոտիկները կարող են լինել նորմայի սահմանում»,-մանրամասնեց Արմենուհի Ավագյանը։
Հավի մսի շուկայում առկա խնդիրների մասին Panorama.am-ի հրապարակումը՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում գրանցված թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել
- Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
- «Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
- ՍԱՏՄ. «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ
- ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
- Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին