Մամիջանյան. Պետք է ՔՊ-ից լինես, որ Թուրքիայից եկող ազդակները դրական ընկալես
«Թուրքիան անցած ամիսներին բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նախապայմաններն ուժի մեջ են։ Դրան ավելացել է միջանցքային տրամաբանությունը»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ Թուրքիայից դրական ազդակներ են ստանում։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, դեկտեմբերին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ այդ երկրի հատուկ ջոկատայիններն ակտիվորեն ներգրավված են եղել Արցախի դեմ 44-օրյա պատերազմում, դրանից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Երևան-Ստամբուլ չվերթների իրականացման հարցում Թուրքիան խորհրդակցել ու հավանություն է ստացել Ադրբեջանից։
Մամիջանյանը հիշեցրեց, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հետագայում ողջ գործընթացում համագործակցելու են իրենց եղբայրական Ադրբեջանի հետ։
«Այս էս ազդակներն են, որոնք դրական ընկալելու համար պետք է ՔՊ-ից լինես։ Այլ ազդակներ Թուրքիայի պետական ոևէ ինստիտուտից ես չեմ տեսել։ Փորձը ցույց է տալիս, երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, մենք շատ լուրջ հողային ու մարդկային կորուստներ ենք ունենում։ Ես սարսափում եմ տեսնել, թե ինչ է լինելու այս դրական ազդակների վերջը »,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։