Սիրիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հրթիռային հարվածներին
Սիրիայի կառավարությունը նախազգուշացնում է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի կայունության համար իր տարածքի վրա Իսրայելի հարձակումների վտանգավոր հետևանքների մասի։ ՏԱՍՍ-ը, հղում անելով ՍԱՆԱ գործակալությունը, հայտնում է, որ նման ձևակերպում կա Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված հաղորդագրության մեջ։
«Սիրիան հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ պատասխանելու Դամասկոսի արվարձաններին Լիբանանի օդային տարածքից և գրավյալ Գոլանի բարձունքներից Իսրայելի նենգ հարվածներին»,-ասվում է փաստաթղթում։
Սիրիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը, որը հովանավորում է Իսրայելին, խրախուսում է նրա հարձակումները և կաթվածահար է անում ագրեսորին զսպելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր միջոցները, ինչը խաթարում է միջազգային կառույցի հեղինակությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի հարվածների արդյունքում մեկ սիրիացի զինծառայող է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։
Փետրվարի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ, չհատելով Սիրիայի պետական սահմանը, գրոհել են Դամասկոս նահանգի Կիսվա գյուղի մոտ գտնվող թիրախները։ Այնուհետև Գոլանի բարձունքներից «երկիր-երկիր» տասը հրթիռ է արձակվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի դիրքերի ուղղությամբ։
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Ժուրավլևի խոսքով, սիրիական զորքերին սպասարկող ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակումը հետ մղելու ժամանակ ութ հրթիռ է ոչնչացրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան