«Հրապարակ». ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՔՊ-ին բարդ երկընտրանքի առջև է կանգնեցրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թևանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում: Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, և պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա:
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ՝ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- ասվում է նախագծում և նշվում, որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով կողմերը պարտավորվել են թուլացնել լարվածությունը, կոմունիկացիաները գործարկել:
Ուշագրավ է, որ հռչակագիրը վավերացվել է հայ-թուրքական, իբրև թե, առանց նախապայմանների «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո: Ընդդիմադիրները կարծում են, որ Երևանի լռությունը համաձայնության նշան է, իսկ հայտարարությունը մեսիջ կլինի հայությանը, որ ՀՀ-ն կարմիր գծերից չի նահանջելու:
Նախագիծը ՔՊ-ին բարդ երկընտրանքի առջև է կանգնեցրել՝ ինչպես «ջրել» այս նուրբ թեման, որ դավաճանության մեջ չմեղադրվեն, իսկ հարևաններին սիրաշահեն: Ըստ ամենայնի` սահմանազատման հետ կապված նախագծի փորձը կկրկնեն, որը չընդունվեց օրակարգ, քանի որ պարունակում էր «ընդդիմադիր լեքսիկոն», անվստահություն ՀՀ լեգիտիմ իշխանության հանդեպ ու թուլացնում էր հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում