Քաղաքական պատվերներ չեն եղել, բայց եղել են ակնարկներ ու ազդանշաններ. Ռուբեն Վարդազարյան
«Ես հանցագործություն չեմ գործել, ինձ անարգանքի սյունին չեն կարող գամել: Ես ուղղակի ասել եմ, որ իմ օգնությամբ նրանք քաղաքական որոշումներ չեն ստացել և դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ հորինված քրեական գործով»,-ԱԺ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման և գործերի բաշխման համակարգի համակարգիչների առգրավման հարցերով հանձնաժողովի նիստին ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նրա խոսքով՝ այն պահին, երբ իշխանությունները հասկացել են, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, այդ պահից սկսած դարձել է ոչ հարմար մարդ:
«Քաղաքական պատվերներ չեն եղել, բայց եղել են ակնարկներ ու ազդանշաններ»,-հայտարարեց ԲԴԽ նախկին նախագահը և հավելեց. «Այնպիսի բան չի եղել, որ ինչ-որ մեկը զանգի ու ասի՝ խնդրում եմ կամ ցուցում եմ տալիս, հորդորում եմ այսինչ անձին ենթարկել քրեական պատասխանատվության»։