Փաշինյան. Վստահ եմ, հայ-իրանական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն»:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։
Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։
Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և անխաթար խաղաղություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան