Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։ Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։
Սյունիքի շուրջը ներկայումս ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։ Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը։
Կալիֆոռնիայի նման՝ տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա՝ պարարտ հող ստեղծելով նաև ապակենտրոն համագործակցության համար Սյունիքի և Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է