Զբոսաշրջության ոլորտը թեև վերականգնվում է, սակայն հեռու է բավարար լինելուց
Զբոսաշրջությունը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտներից է: 44-օրյա պատերազմը նոյնպես զբոսաշրջության ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Ինչպես մասնագետներն են փաստում, պատերազմից հետո քիչ չեն դեպքերը, երբ զբոսաշրջիկները չեղարկել են դեպի Հայաստան նախապես ծրագրած այցելությունը:
Այդուհանդերձ, համավարակից և պատերազմից հետո ոլորտը կամաց-կամաց սկսում է վերականգնվել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2021 թվականին Հայաստան է այցելել 870 հազար 308 զբոսաշրջիկ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 2.4 անգամ, սակայն գրեթե 50 տոկոսով ցածր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից: Մասնավորապես, նախաքովիդյան և նախապատերազմյան 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության համար լավագույն տարին եղել է 2019թ-ը, բոլոր նախադրյալները կային, որ ոլորտը հաջորդ տարիներին ավելի մեծ աճ կգրանցեր, սակայն համավարակը և պատերազմը մեծ հարված հասցրեցին զբոսաշրջության ոլորտին:
«Սկսած 2000 թվականից, Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի շարունակական աճ։ Բացառություն է եղել 2015 թվականը, երբ 2014-ի համեմատ Հայաստան էր ժամանել շուրջ 11 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ: Դա պայմանավորված էր Ռուսաստանից և Վրաստանից այցելությունների էական նվազմամբ։ Այդ ժամանակ ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել էր գրեթե 50%-ով, նաև դրա հետևանքով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջությունը նվազեց», - նշեց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանից եկող քաղաքացիները զբոսաշրջային այցերի կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում՝ 40-45%:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ 2020 թ-ին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, կորոնավիրոսով պամանավորված կանգ առավ տուրիստական գործակալությունների, ուղևորափոխադրող ընկերությունների, հյուրատների աշխատանքը։
Թեև, ըստ նրա, 2021 թ-ին որոշակի ակտիվացում է նկատվում զբոսաշրջության ոլորտում, քանի որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում համավարակով պայմանավորված սահմանափակումներն այդքան էլ խիստ չէին, այդուհանդերձ, դեռ չեն կարող ասել, որ այն լիարեք վերականգնվել է։ «Դեռ շատ հեռու ենք 2019 թ-ի ցուցանիշից։ Եթե համալիր միջոցառումներ, մարքեթինգային քաղաքականություն իրականացնենք, այս տարի ևս կարող ենք հասնել 2019 թ-ի ցուցանիշներին, եթե, իհարկե նոր խնդիրներ չառաջանան»,- նշեց նա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն ապահովել են Ռուսաստանը՝ 350 569 այց, Իրանը՝ 91 148, Վրաստանը՝ 70 630, ԱՄՆ-ը՝ 31 662 , Հնդկաստանը՝ 17 980, Ֆրանսիան՝ 14 310, Գերմանիան՝ 11 936։
Հետաքրքրական է նաև այն, որ մեր երկիր ավելի շատ այցելել են տղամարդիկ, քան կանայք: Տղամարդկանց թիվը կազմել է 467 հազար, իսկ կանանց թիվը՝ 402 հազար։ Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա նախորդ տարի Հայաստան այցելած 105 հազարից ավելի զբոսաշրջիկները եղել են 26-35 տարեկան, 248 հազարը՝ 36-63 տարեկան։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ համավարակի սահմանափակումներից հետո մարդիկ ուզում են շրջագայել, նոր երկրներ բացահայտել։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակից ու Արցախյան պատերազմից Հայաստանը զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի այլ տեսանկյունից։
«Կորոնավիրուսից հետո նոր խնդիրներ են առաջ եկել։ Մենք շատ գործ ունենք անելու, որ կարողանանք այդ խնդիրները լուծել։ Այսօր ամբողջ աշխարհում ամեն ինչ արվում է զբոսաշրջության տեմպերն ավելացնելու համար, բոլորն էլ ձգտում են նոր վերաձևավորվող համաշխարհային շուկայում իրենց դիրքերը պահել, ամրապնդել և օգտվելով հնարավորություններից ավելի լավ դիրքեր զբաղեցնել, ուստի մենք ևս չպետք է հետ մնանք ընդհանուր զարգացումներից»,- ընդգծեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո եղել են դեպքեր, մասնավորապես, Եվրոպական երկրներից, Ճապոնիայից, որտեղից կա կայուն կազմակերպված զբոսաշրջություն, երբ այցերը չեղարկել են։ Այսօր, ըստ նրա, կարող են ասել, որ կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով Հայաստան այցելողների թիվը դեռ բավականին ցածր է։ Բացի այդ, ըստ Մեխակ Ապրեսյանի, մտավախություններ կան նաև անվտանգության հետ կապված, քանի որ ցանկացած ճանապարհորդողի առաջին հերթին իր անվտանգությունն է հետաքրքրում:
«Այս ամենը հաշվի առնելով պետք է հետևողական աշխատանք տարվի, մարքեթինգային քայլեր են պետք, զարգացման ծրագիր է հարկավոր, որ կարողանանք զբոսաշրջային մեծ հոսք ապահովել»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան