Ինչ խնդիրներ կարող է ունենալ երեխան, եթե մայրը հղիության ժամանակ հիվանդացել է կորոնավիրուսով
Երեխաների մոտ զարգացման տեմպի դանդաղում է նկատվում 20%-ի դեպքում, եթե մայրը հղիության ընթացքում ունեցել է կորոնավիրուս, քանի որ այդ վարակը առաջացնում է պլացենտար արյան շրջանառության խանգարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը։
«Ապացուցված է, որ կորոնավիրուսը արգանդ-պլացենտար համակարգում փոփոխություն է առաջացնում։ Եվ երբ կինը կորոնավիրուսով հիվանդանում է հղիության ընթացքում, տեղի է ունենում պլացենտար արյան շրջանառության խանգարում: Արդյունքում թթվածինը քիչ է լինում և կարող է տեղի ունենալ զարգացման տեմպերի դանդաղում։ Զարգացման տեմպերի դանդաղումը՝ ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական, նման երեխաների մոտ միանգամայն հստակ նկատվում է դեպքերի 20 տոկոսում»- ասել է նա։
Գորելովը նշել է, որ եթե ժամանակին դրան ուշադրություն դարձնեն և վերականգնվեն, ապա այդ հետևանքները կարող են չեզոքացնել:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա մասնագետի խոսքով, փոքր երեխաների մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամենահաճախ հանդիպող բարդությունը Կավասակիի համախտանիշն է։
«Չորս տարեկանից հետո երեխաների համար ամենավտանգավորը մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակիանման) համախտանիշն է, երբ ախտահարվում են մի քանի օրգաններ և համակարգեր, և առաջնային հիվանդությունը հաճախ աննկատ է մնում օջախում։ Երեխան, կարծես թե, չի հիվանդացել, իսկ երկու-երեք շաբաթ անց նրա ջերմությունը բարձրանում է մինչև 39-40 աստիճան, ախտահարվում են մի քանի օրգաններ, ինչի հետևանքով երեխան կարող է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում»,- ընդգծել է մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
- Հայաստանում 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
- ՅՈՒՆԻՍԵՖ. Առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը սպառնում է հղիներին և նորածիններին