Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի համայնքների բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտօաբ Գեղամ Ստեփանյանը։
«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ էին գտնվում կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:
Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի պարբերական ահաբեկչական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձրավորելու Արցախում։
Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- գրել է Գ. Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Քարամշակման կետում աշխատող բանվորների վրա. ԱՀ դատախազություն
- Ադրբեջանը կրակել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
- Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք
- Ադրբեջանը 10-15 րոպե կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան