Մեքսիկայում տարեսկզբից հինգերորդ լրագրողն է սպանվել
Մեքսիկայի Օահակա նահանգում ուրբաթ գիշերը սպանել են լրագրող Հեբեր Լոպես Վասկեսին, երկու հոգի ձերբակալվել է, հայտնել է նահանգի դատախազը Milenio TV-ին տված հարցազրույցում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մարդասպանները գտնվում են կալանքի տակ, և մենք սպասում ենք, թե երբ նրանց կտեղափոխեն դատախազություն՝ համապատասխան հետաքննությունը շարունակելու համար»,- հայտարարել է Օահակա նահանգի դատախազ Արթուրո Պեիմբերտը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը սպանվել է Էսպինալ Սալինա-Կրուս շրջանում, երբ նստել է իր մեքենան։ Երկու մարդասպանների ձերբակալել են «տաք հետքերով»։
Տարեսկզբից սա Մեքսիկայում լրագրողի հինգերորդ սպանությունն է։ Հունվարի վերջին՝ ԶԼՄ-ների ներկայացուցչի հերթական սպանությունից հետո, լրագրողները բողոքի ակցիաներ ու ցույցեր են անցկացրել երկրի 40 քաղաքներում՝ պահանջելով անվտանգության ապահովում և հանցագործությունների հետաքննություն, որոնք գրեթե միշտ անպատիժ են մնում:
Խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործությունների պայքարի հատուկ դատախազությունը հինգ տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ իրավախախտումների փաստերով ավելի քան 1140 գործ է հարուցել և ստացել ընդամենը 10 մեղադրական դատավճիռ։ Այդ բոլոր դեպքերում անպատժելիության մակարդակը գերազանցում է 99 տոկոսը:
«Articulo 19» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին Մեքսիկայում սպանվել է յոթ լրագրող, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Գործող նախագահ Մանուել Լոպես Օբրադորի կառավարման երեք տարիների ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների աշխատակիցների 29 սպանություն, որոնք, հավանաբար, կապված են նրանց մասնագիտական գործունեության հետ: