Ջհանգիրյանն անձամբ ինձ ասել է, որ ցանկալի է, որ ես հրաժարական տամ, և ինքը ղեկավարի ԲԴԽ-ն
«Երբ գործերի մակագարման էլեկտրոնային համակարգը ներդրվեց, նույն օրն էլ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարվեց և այդ համակագին միջամտելը դարձավ քրեորեն հետապնդելի արարք»,-այսօր ԱԺ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման և գործերի բաշխման համակարգի համակարգիչների առգրավման հարցերով հանձնաժողովի նիստին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա տեղեկացրեց, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում 3 դեպք է եղել, որ էլեկտրոնային մակագրման համակարգը քննության առարկա է դարձել, բայց այն չի առգրավվել, այն դեպքում, երբ ներկայում, Գագիկ Ջհանգիրյանի նախագահության օորոք, արդեն 2 տարի է այն առգրավված է և չի գործում:
Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ եթե ինքը լիներ ԲԴԽ պաշտոնին, թույլ չէր տա համակարգի առգրավումը:
Հանձնաժողովը նախագահող Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը, երբ ՀՀ ՄԻՊ-ն էր, մշտապես քննադատում էր դատական գործերի ձեռքով մակագրման պրակտիկան, բայց այս ընթացքում ընդհանրապես չի բարձրաձայնել, որ արդեն երկու տարի է ձեռքով են մակագվում գործերը:
Անդրադառնալով դատական համակարգում տիրող իրավիճակին՝ ԲԴԽ նախկին նախագահը շեշտեց, որ դատարանների արգելափակումը, պիտակավորումը, մշտական հրապարակային քննադատությունը, քրեական գործերը և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները նպատակ ունեն վերահսկել դատական համակարգը։
Վարդազարյանը հայտնեց, որ ժամանակին ինքը հայտարարել է, որ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը 65 տարեկանից բարձր է և իրավունք չուներ ընտրվելու ԲԴԽ անդամ:
«Ջհանգիրյանն անձամբ ինձ ասել է, որ ցանկալի է, որ ես հրաժարական տամ, և ինքը ղեկավարի ԲԴԽ-ն, բայց այս ամենը նույն շղթայի օղակներն են՝ դատարանների արգելափակում, պիտակավորում, մշտական հրապարակային քննադատություն, քրեական գործեր և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ։ Այս ամենը նպատակ ունի վերահսկել դատական համակարգը»,-ասաց Ռուբեն Վարդազարյանը։