Ազգային ֆիլհարմոնիկի առաջիկա համերգները
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հաղթահարելով մեր ժամանակների բոլոր դրժվարությունները, շարունակում է հավատարիմ մնալ իր բռնած ուղուն և ներկայացնել համերգներ, որոնք կատարողական բարձր չափանիշ են սահմանում և մշակութային իրադարձություն են ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար»,- նշում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից ու ներկայացնում Ազգային ֆիլհարմոնիկի գալիք իրադարձային համերգները։
Փետրվարի 15-ին Ազգային ֆիլհարմոնիկի և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ կհնչի Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Նա նշում է, որ այս հնգամաս մեծակտավ սիմֆոնիան բարձր նշաձող է յուրաքանչյուր բարձրակարգ նվագախմբի համար, իսկ կենդանի կատարմամբ դրա ունկնդրումը մեծ իրադարձություն է երաժշտասեր հասարակության համար: Դիրիժորը հավելում է, որ, անշուշտ, գեղեցկագույն երաժշտություն է, բայց նաև շատ բարդ: Այն գրված է նվագախմբի և երգչախմբի մեծ կազմերի և երկու մենակատարների համար, Մալերը բոլոր գործիքները շատ նուրբ է օգտագործել և, չնայած մեծ կազմին, ոչինչ չի «‹գոռում», այն հնչում է որպես մեծակտավ կամերային երաժշտություն:
Այդ օրը որպես մենակատարներ հանդես կգան համաշխարհային մեծ համբավ ունեցող, հայաստանյան ունկդրի կողմից սիրված, մեր հայրենակցուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան:
Մալերն իր 2-րդ սիմֆոնիայի ընթացքում փնտրում է կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության և դրա հանդեպ մարդու անզորության զգացմունքները: Իսկ ստեղծագործությունն ավարտվում է հետևյալ պոետիկ խոսքերով. «Դու հարություն կառնես, այո՛, կարճատև քնից հետո հարություն կառնես մոխրից»: Սկզբում այն հազիվ լսելի հնչում է cappella երգչախմբի մոտ, այնուհետև հնգաձայն երգչախմբի հզոր ունիսոնում և վերջապես նվագախմբում փայլատակում է որպես հիմն ստեղծագործական անմահության, հիմն հավիտենական կյանքի:
Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը, որը նույնպես նշանակալից իրադարձություն է, կկայանա փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ: Պետրենկոն մեր ժամանակների ամենապահանջված դիրիժորներից է: Նա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Ծրագրում կհնչի Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա):
Մարտի 2-ին կկայանա աշխարհահռչակ, տիտղոսակիր ջութակահար, մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանի սպասված համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շումանի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: