ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, բալետմայստեր Վիլեն Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 81 տարեկան։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ այսօր կայանալիք «Սպարտակ» բալետային ներկայմացումը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական բալետի լեգենդ Վիլեն Գալստյանին։ «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Մաեստրո»։
Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 –ին Երևանում: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:
Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:
Վարպետը մշտապես ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա:
Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:
Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը
- Բալետից գեղեցիկ ոչինչ չկա. Վիլեն Գալստյան
- Վիլեն Գալստյան. Պետությունը ոնց որ ձեռք է քաշել թատրոնից
- Հանրահռչակ պրիմա-բալերինաներն ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս. Վիլեն Գալստյան