«Եթե զոհաբերության պատրաստ չենք». պրոֆեսոր Գուրգեն Մելիքյան. «Ազգ»
«Ազգ»-ը գրում է.
«Երևանի պետական համալսարանում մի 85-ամյա կաղնի կա, որի արմատները Իրանի հա-րավարեւմտյան Աբադանում են, Արցախում, Հայաստանի, կամ` ավելի ստույգ` հայկական աշխարհի բոլոր անկյուններում: Բարձրահասակ ու թիկնեղ, Անդրանիկի եւ Վիլյամ Սարոյանի բեղերով, բոլորից առանձնացող այդ մարդու ժպիտը, բարեւը, խոսքն օրհնություն է, նրա ձեռքը` միշտ օգնություն բաշխող: ԵՊՀ- ում սովորողներիս համար, անկախ նրանից` պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը դասավանդե՞լ է, թե՞ ոչ, ուսուցիչ է: Նա առաջինն է բարեւում ուսանողներին, բարեւելիս նկատելի խոնարհում է գլուխը, որ սովորեցնում է հարգանք դիմացինի հանդեպ: Հատկապես ուսանող ժամանակ մեզ շատ «մեծ» էինք զգում այդպիսի բարեւ նվեր ստանալիս: Ուսուցչի այդ ընդգծված սերն իր սանի, իրենից կրտսերի հանդեպ, իմ կարծիքով, Քրիստոսի օրինակն է: Գուրգեն Մելիքյանը սերունդներ է կրթել, իսկ դրանք շատ են եւ կհաստատեն իմ նկատածը: Նա թթվածին է եղել քաղաքականության փոշու մեջ ապրելու կամքը չկորցրած հանրության` արցախահայության համար:
Այսօր էլ ԵՊՀ նրա սենյակում գեղեցիկ ու խնամված բուսականության, գրքերի ու թղթերի կողքին Արցախ տարվելիք արկղեր են կիտված: Ֆիզիկապես` մի ոտքով միշտ Արցախ վազող այդ մարդն, ինչպես ինքն է ասում, ապրում է Պողոս առաքյալի թեւավոր խոսքով` «այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»:
Այնուհետև ներկայացված է հարցազրույց Գուրգեն Մելիքյանի հետ
-Ես այդ սկզբունքով եմ ապրում և ինձ երջանիկ եմ զգում: Երբ դու քո ժողովրդի ցավերը տեսնում ես, փորձում ես մի կերպ դա ապաքինել, երջանիկ ես զգում քեզ: Մեծն Սաադին ասում է` (պարսկերեն է արտա- սանում, ապա թարգմանում) «թշվառությունից չէ, որ այս վիճակում եմ, եւ դալուկ է մարմինս: Թշվառների վիշտն ինձ այսպես դարձրեց»: Տեսե՛ք, ինձ մոտ ցուցակ է փախստականների, որոնց վերաբնակեցնում ենք: Ոմանք կով են ուզում իրենց առօրյա ապրուստը հոգալու, 7-8 երեխա ունեցողները լվացքի մեքենա են ուզում, սառնարան են ուզում, հեռուստացույց: Երբ ամեն վայրկյան մտածում ես այդ ընտանիքների մասին, դու գտնում ես այն բանալին, որը քեզ երջանկացնում է: Այդ դուռը դո՛ւ պետք է բացես եւ երջանիկ կզգաս:
Դարեհ Վշտասպն ասում է` երկիրս հեռու պահիր թշնամուց, ստից եւ երաշտից: Հավասարա- զոր են այս երեքը: Քեզ հավա- տացնում եմ` Արցախը մնալու է: Եւ Գեւորգն է մնայուն: Եւ իր գործն է մնայուն ( նկատի ունի ակտիվ համալսարանական Գեւորգ Արշակյանին, որ կամավոր մեկնեց Մատաղիս` ծառայության, ապա 2020-ի պատերազմի սկզբում կամավորագրվեց, անմահացավ Շուշին պաշտպանելիս): Դու արի այդ գյուղերը, մարդիկ ինչ պայմաններում` 7-8-9 երեխա ունեն:
– Մենք չե՞նք դավաճանում Արցախին:
-Ո՛չ: Իշխանություններին թողնենք: Մարդիկ լվացքի մեքենա, կով են ուզում ապրուստի համար: Այս մարդկանց ձեռքները պիտի բռնենք, որ Գեւորգները հավերժ լինեն: Թե՛ քո համալսարանական հայրը, թե՛ Արշակյան Գևորգը հավերժության մեջ չասեն` էս ի՞նչ եղավ մեզ հետ: Ինչու՞ ենք մենք այսպես:
–Մեր ուսանողական տարիներին շատերն Արցախի տեղը չգիտեին: Թեպետ արցախահայեր սովորում էին մեր ԵՊՀում: Եւ Դուք մեր աչքի առջեւ ուսանողների հետ խումբ կազմած գնում էիք հայոց աշխարհի այդ եզերքը` ծառ տնկելու, ասել է, թե հողն արմատներով պահելու, երկիրը մերը դարձնելու, պտուղը հավաքելու: Ձեր մշակածն ու իրականացրածը բաց, հեռուն տեսնող ռազմավարություն էր: Ակնկալու՞մ էիք, որ մենք անկախ երկիր պիտի ունենանք, կարո՞ղ էիք դա կռահել այդ տարիներին, նաեւ այն, որ Արցախը պիտի ինքնորոշվեր:
-Ես չէի կասկածում: Առաջին ծառատունկը 1988-ին Մաճկա լաշենում ենք իրականացրել: Սահակ եւ Մեսրոպ բլուրների վրա. Ամարասի կողմը ծառատունկ ենք իրականացրել, Խորեն Պալյանն էլ մեզ հետ էր: Սիրով, իր երգով զարդարում էր: Դա վերելքի շրջան է եղել: Ուսանողներից շատերը ռազմաճակա- տում զոհվեցին: Պիտի հողը սիրես, զարդարես: Ասում են, երբ Շահ Աբասը 1604-ին հայերին տեղափոխում է Նոր Ջուղա, մեծ վեճ է լինում պարսիկների եւ հայերի մեջ: Շահը հարցնում է` ի՞նչ է պատահել: Պարսիկները բողոքում են, թե «նրանք մեր տնկիները գողացել, տարել են իրենց բակերը»: «Օ, ասում է, ձեր տնկիների փողը ես կտամ, հայերը մնում են, շնորհավորում եմ ձեզ»:
Կարո՞ղ եք պատկերացնել: Այսինքն` ով ծառ է տնկում, նա գիտակցում է, որ դա ի՛ր հողն է: Պետք է շենացնել, պետք է զար- դարել: Մենք ավելի քան 10 հազար ծառ ենք տնկել: Հիմնականում` ընկուզենիներ: Այդ պուրակները, որ կան` Սամվելյան Դավթի պուրակն է, Վահագն Մահտեսի Հակոբյանցի պուրակն է, Սերժ Բաբայանցի պուրակն է, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Դուշման Վարդան պուրակն է, ասմունքի ութերորդ փառատոնի մասնակիցների, Թաթուլ Կրպեյանի, ԵՊՀ 90-ամյակի, 100-ամյակի, ՀՀ 25-ամյակի պուրակները զարդարում են այդ ճանապարհը: Չես պատկերացնի, թե այս տարի որքան բերք են տվել այդ պուրակների ծառերը: Մի կին մոտեցել էր ինձ, ասում էր` պարոն Մելիքյան, կարո՞ղ եք պատկերացնել, ես 60 հազար դրամի մուրաբայի ընկույզ եմ ծախել, չգիտեմ` ուրիշներն ինչքա՞ն: Այսինքն` մեր նպատակին հասել ենք: Մարդը կարողանում է իր ապրուստը հայթայթել:
–Պարո՛ն Մելիքյան, դուք պատրաստեցիք արեւելագետների, դիվանագետների մի մեծ բանակ, որ 30 տարի շարունակ համարյա ոչնչից ստեղծեց ԱԳՆ: Շատերն ասում են, թե ռազմական հաղթանակ ունեցանք, բայց դիվանագետները չկարողացան այն ամրագրել: Դուք ի՞նչ կասեք:
-Անկեղծ ասած` այն դիվանագետներին, որ ես գիտեմ, նրանք այնպիսի՛ դպրոց են անցել, որ չէին կարող հնարավորությունը բաց թողնել: Երբե՛ք: Վերջին ժամանակներում մեր շրջանավարտներից մեկի հետ խոսում էինք այս հարցերի մասին, ասաց` պատահական չէ, որ ձեր դպրոցն ենք անցել: Այնքան ուրախացրեց ինձ այդ դիվանագետը: Ըստ երեւույթին դպրոցը միայն դասը չէ, տառը չէ, բանաստեղծությունը չէ, այլ կենսակերպն է: Աշխարհաքաղաքացի էի, երբ եկա հայրենիք, բայց երբ ավարտեցի Երեւանի պետա- կան համալսարանը, հա՛յ մարդ դարձա: Այն կուսակցությունը, որի շարքերում եմ եղել, այդպես էր մեզ դաստիարակում, բայց նաեւ` մա՛րդ լինել: Ես Իրանի կոմկուսի` «Թուդեհ»-ի մեջ եմ եղել: Հայրս 1933 թվականին էր Հայաստանից փախել, եւ դեռ փոքրուց, անընդհատ իմ եւ ինձանից տարիքով փոքր քույրիկիս ականջներում հնչում էր Հայաստան: Այդ բառով քնում եւ արթնանում էինք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան