Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Մարզպետ
Այսօր գրանցված երկրաշարժի պատճառով Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Նա նաև նշել է, որ շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։
Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաև Մարմաշեն և Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։
Մարզպետն ավելի վաղ գրել էր, որ երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում. «Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին գրանցվել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ խոսնակ. Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա
- Այս պահի դրությամբ Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել. Շիրակի մարզպետ
- Երկրաշարժ Հայաստանում՝ 3-5 բալ ուժգնությամբ