Նոր հետազոտությունն ապացուցում է թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում`«Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն ու գենետիկ կառուցվածքն առանցքային դեր ունեն հիվանդության ընթացքի, սաստկության և հետևանքների գործում: Բազմաթիվ գիտական հրապարակումներ կան, որոնք հաստատում են մարդու լեյկոցիտային անտիգենների (Human Leukocyte Antigen /HLA) և COVID-19 հիվանդության կապակցվածությունը: Աշխարհում HLA անտիգենների ազդեցության ուսումնասիրությունը և հիվանդության վրա ազդող այլ գործոնների (տարիք, սեռ, ուղեկցող հիվանդություններ) համադրումը խիստ կարևոր է, ուստի 2020 թվականից բազմաթիվ երկրներում COVID-19 պացիենտների շրջանում կատարվել են HLA անտիգենների հետազոտություններ:
Տվյալների բազմակենտրոն մշակումը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն գործոնները, որոնք մարդկանց դարձնում են ավելի խոցելի կամ պաշտպանված հիվանդության նկատմամբ:
Նմանատիպ հետազոտություն իրականացնող առաջին կենտրոններից է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որի տիպավորման լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների և «ClinSoft» կազմակերպության հետ կարճ ժամկետներում մշակել են հետազոտության սխեման:
Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված 300 պացիենտ` բաժանված երեք ենթախմբի` ըստ հիվանդության ախտանիշների: Որպես համեմատական խումբ` վերցվել են ռեեստրի 5000 կամավոր դոնորների տվյալները: Ե՛վ հիվանդները, և՛ համեմատական խմբի կամավոր դոնորները տիպավորված են եղել ժամանակակից սեքվենավորման եղանակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ HLA-C*04:01 անտիգենի բարձր հաճախականությունը մարդկանց տարիքային բարձր խմբում կարող է բերել հիվանդության ավելի ծանր ընթացքի:
Ստացված տվյալներն ունեն գիտական և, առավել ևս, գործնական նշանակություն հանրային առողջության պահպանման ոլորտում, քանի որ ևս մեկ անգամ հիմնավորում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում: