Բժշկական որոշ ծառայություններից օգտվելու համար մայրաքաղաքի բնակիչները պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր
Երևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ.
1. Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ),
2. Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որը իր մեջ ներառում է
2.1 կորոնագրոֆիկ հետազոտություն,
2.2 էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
2.3 էխոսրտագրություն (ԷխոՍԳ)
3. Մամոգրաֆիայի ծառայություն:
Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն:
Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում: