Քիմիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են կարևորել գիտությունը
Ա.Լ.Մնջոյանի անվան ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն այսօր փողոց էին դուրս եկել ու կառավարությունից պահանջում՝ գիտութունը վեր դասել ամեն շահից։
Ազատություն 26 հասցեում գտնվող գիտական կենտրոնի շենքի հարևանությամբ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Այսօր ընկերությունը հորատման աշխատանքներ էր իրականացնում, իսկ ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել դրանք։
«Մենք ընկերության հետ խնդիր չունենք, մեր խնդիրը կառավարության հետ է։ Պետք է կառավարությունը կամք ցուցաբերի ու չեղարկի նախկինում կայացրած որոշումը, որով հողատարածքը վաճառվել է մասնավոր ընկերությանը»,-Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, որը ապօրինի է որակում գործադիրի՝ 2007 թվականի որոշումը, որով վաճառվել է հողատարածքը։
Նա պնդում է՝ պետք է բացառել տարածքում շինարարական աշխատանքները, քանի որ դրանք խաթարելու են կենտրոնի գործունեությունն ու վտանգելու են դրա ապագան։
«Տեսեք, եթե վաղը, եթե այդ շենքի բնակիչը բողոքեց քիմիական նյութերի հոտերից, կենտրո՞նն են փակելու, թե՞ շենքն են դատարկելու։ Բացի այդ, եթե սկսեն շենքը կառուցել, գիտական կենտրոնում աշխատել չի լինի։ Մեր սարքերը նման վիբրացիայի տակ ո՞նց են աշխատելու, գերզգայուն սարքավորումներ են։ 1-1.5 մլն դոլարի սարքավորումներ են, ևս 700-800 հազարի ավելանալու են, դրամաշնորհներ ենք շահել։ Այդ սարքերը բացառիկ են Հայաստանում, եթե դրանք վնասվեցին, ոչ մի քիմիկոս չի կարողանա աշխատել»,-նախատեսվող շինարարության հետևանքների մասին մտահոգությունները ներկայացնում է Ռոբերտ Հակոբյանը։
Գիտաշխատողը նշում է, որ կենտրոնն այս պահին ունի Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրեր, հետազոտություններ են իրականացնում։
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:
«Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ։ Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ։ Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը»,-նշում են ընկերությունից՝ հորդորելով չստեղծել «անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»:
Գիտաշխատողները կարևորում են ներդումները, բայց ոչ ի վնաս գիտության։
«Քավ լիցի, մենք երբեք չենք ասել, որ մեզ ներդրում պետք չի։ Մենք առաջարկել ենք նաև, որ ընկերությանն ուրիշ տարածք տրամադրի կառավարությունը։ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը նույնիսկ առաջարկով գնացել է կառավարություն»,-ասում է գիտական կենտրոնի փոխտնօրենը։
Ռոբերտ Հակոբյանի խոսքով, իրենք պայքարը շարունակելու են, այս պահին էլ կենտրոնի գիտաշխատողները նամակներ են պատրաստում՝ ուղղված պետական մարմիններին։
«Օրենքի տեսանկյունից գնորդը բարեխիղճ է, մնում է կառավարության կամքը։ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հետևանքներն անդառնալի են լինելու։ Հայաստանում ներդրում պետք է, բայց այդ շենքն այդտեղ կառուցելու դեպքում, Հայաստանն էլ նման ինստիտուտ չի ունենա։ Իսկ նման ինստիտուտն անգին է։ Հիմա մենք պետությանը համոզում ենք, որ գիտությունը կարևոր է։ Վտանգված է ԳԱԱ ամենամեծ ինստիտուտի ապագան, որը իմ, ձեր, մեր երեխաների ապագան է, առանց որի պետությունը զարգանալ չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
- Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան