Արտավազդ Փելեշյանի՝ առանձնահատուկ ծննդյան օրը Փարիզում. «Կինոաշխարհ»
Փարիզում՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Այսպիսով, «Բնություն» ֆիլմի թանգարանային և փառատոնային ցուցադրություններին կավելանան նաև կինոթատրոնային դիտումները։ Այս մասին գրում է kinoashkharh.am կայքը։
Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից, որը նաև ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպպերի կողակիցն է։ Ռոնալդ Շամային է պատկանում Փարիզի վեցերորդ թաղամասի, պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող «Christine» կինոթատրոնը, որտեղ էլ ամսի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի պաշտոնական պրեմիերան։
Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։ Մեծ եռանդով նախապատրաստվող այս պրեմիերային բնականաբար մասնակցում է նաև Կարտիե ժամանակակից հիմնադրամը։ Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ փետրվարի 22-ը լինելու է Վարպետին նվիրված առանձնահատուկ օր, որի մանրամասների մասին կարող եք կարդալ շուտով Կինոաշխարհում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան, վավերագրական կինոյի ականավոր ու համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ի փետրվարի 22-ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.-ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը
- Արտավազդ Փելեշյանն այժմ գրում է 2 սցենար
- Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին. «Կինոաշխրահ»
- Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար. kinoashkharh.am
- Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին