Գյումրու համայնքապետը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն
Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։
Գյումրու համայնքապետարանից հայտնում են, որ անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։
Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին գրանցվել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ գրանցված երկրաշարժի պատճառով Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է
- Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Մարզպետ
- ԱԻՆ խոսնակ. Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա
- Այս պահի դրությամբ Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել. Շիրակի մարզպետ
- Երկրաշարժ Հայաստանում՝ 3-5 բալ ուժգնությամբ