Ես ուզում եմ հակադարձել պարոն Սերժ Սարգսյանին՝ դուք սխալվեցիք, Նիկոլը ճիշտ չէր. Խաչիկ Մանուկյան
«Եթե փորձում են իրական դավաճաններին կոծկեն և ինչ-որ մի ողորմելի խումբ ներկայացնեն՝ ասելով, թե տեսեք սրանց պատճառով մենք տանուլ ենք տվել, մեր հաղթանակն ենք կորցրել, ապա այն իրենց չի հաջողվի»,- ասուլիսում հայտնեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն՝ անդրադառնալով 20 հոգանոց լրտեսական խմբի բացահայտման մասին տարածված պաշտոնական հաղորդագրությանը:
Նա համոզմունք հայտնեց՝ բացահայտվածներն այն տեսակն են, որ անգամ իրենց տեսածը չեն կարող լրջորեն փոխանցեն, կամ լրտեսություն անեն և հրապարակվածը հավաստի չհամարեց:
Բանաստեղծի խոսքով՝ բացահայտված լրտեսները որևէ արդարացում չունեն, բայց նրանց փոխանցած տեղեկությունները չէին կարող էական նշանակություն ունենալ պատերազմի ելքի վրա:
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ այդ բացահայտումներով հարցը չի փակվի և գլխավոր դավաճանները պետք է պատասխան տան:
Նա համոզված է, որ իշխանությունները որևէ միտվածություն չունեն իրական հանցագործներին ցույց տալու, մյուս կողմից էլ ցանկությունն ու հնարավորությունն է բացակայում:
Հիշեցնելով Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ ինքը ոլորտից պատկերացում չի ունեցել, երբ ժամանակին հայտարարել է, թե էլեկտրաէներգիան, գազը և ջուրը չեն թանկանա՝ բանաստաեղծը նկատեց, որ նա նույն կերպ վաղն էլ կասի՝ պատկերացում չի ունեցել, որ պատերազմում զոհեր են լինում, որ բարեկիրթ Ալիևը կհարձակվի Հայաստանի վրա:
Նա հիշեց Սերժ Սարգսյանի «Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր» արտահայտությունը և հայտարարեց. «Ես ուզում եմ հակադարձել պարոն Սերժ Սարգսյանին՝ դու սխալվեցիք, Նիկոլը ճիշտ չէր: Այդպես եկավ ու շարունակվեց սխալը սխալի վրա»:
Խաչիկ Մանուկյանը չբացառեց, որ նախկինում էլ են եղել սխալներ, բայց դա չի նշանակում, որ գործողների սխալները պետք է ընդունել:
«Եթե նախկինում եղել է մի հանցանք, ուրեմն պետք է հանդուրժե՞նք այս հանցանքների տեղատարափը: Բոլորը պետք է հետևություն անեն, գտնեն իրենց, վերագտնեն հաղթանակը, այլ ոչ թե գա մեկը և հայտարարի՝ Շուշին դժգույն քաղաք է և այդ դժգունությունը տարածի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ժողովրդի վրա»,- նշեց նա։
Գնահատելով տարածքները հատվածներով հանձնելու երևույթը՝ բանաստեղծը շեշտեց, որ Փաշինյանն այն իր հայրենիքը չի համարում, այդ պատճառով էլ կիսում է՝ Արցախը մի կողմ է տալիս, Հայաստանի տարածքները՝ այլ կողմ, իսկ ընդդիմությունը չի կարողանում կանխել այն:
«Ընդդիմությունը չի կայանում, քանի որ իշխանություն չկան, բոլոր օղակները փշրվել են, եթե իշխանություն լիներ, ապա Հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ կլիներ։ Այս մարդկանց գլխին է աթոռները դրված, իրենք նստած չեն աթոռներին: Սկսած առաջին դեմքից վերցրեք նրանց վրայից աթոռները՝ տակը բան չի մնա, տեսեք դրանց տակ քաջություն, հայրենասիրություն, մի միտք կա՞»,- ասաց Խաչիկ Մանուկյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։