Պաշտպանները պահանջում են պարզաբանել մեղադրանքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջում են պարզաբանել իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը։
«Դատախազը հրապարակել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ՝ այդ մասի մի մասը։ Ինչո՞ւ եք սա նորմալ համարում», -ասաց Ալումյանը կարճատև ընդմիջումից հետո վերսկսված նիստին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, ըստ Ալումյանի՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ՝ պարզապես նորից կարդացել է այն։ Պաշտպանական կողմի համար պարզ չէ, երբ նշվում է «Քոչարյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով», նախագահի կոնկրետ ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Բացի այդ, պարզ չէ՝ նախագահը խոստացե՞լ է անգործություն դրսևորել, պե՞տք է դրսևորեր, թե՞ նրան ինչ-որ գործողություններ են վերագրվում։
«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ էլ օր չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահատվեր հենց հրապարակելու պահին», - ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։ «Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը», - ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ենթակայի և ստորոգյալի լեզվաբանական կանոնը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար նույնպես հասկանալի չէ մեղադրանքը․ «ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ նկարագարված չէ որևէ գործողություն»։ «Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը», - ասաց նախագահը։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ դատարանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դատախազները Քր․Դատ․-ը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան