Ս. Ատոմյանց հիշատակության օրն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրտ Ատոմյանց հիշատակության օրը։
Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Qahana.am-ը գրում է, որ նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով:
Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել:
Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:
Այսօր նշվում է նաև Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օրը։
Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, ովքեր հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին՝ սրախողխող անելով նրանց: