Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանն, ի նշան բողոքի, լքեցին դատական նիստերի դահլիճը։
«Ես ընդամենը պահանջում են պարզաբանել դատախազի կողմից ընթերցված մեղադրանքը։ Ի նշան բողոքի դատարանի գործողություններից՝ ես ներկա չեմ գտնվում այսօրվա նիստին։ Առաջին օրվանից այս դատավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի դատական պրոցեսի հետ, բացի ինտերիերից», - հայտարարեց պաշտպան Ալումյանը և լքեց նիստերի դահլիճը։
«Դուք պաշտպանելու հնարավորություն չեք տալիս», - իր հերթին ասաց Խուդոյանը և հետևեց գործընկերոջը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճն առանց դատարանի թույլտվության։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միանգամից միջնորդեց դատական սանկցիա կիրառել նրանց նկատմամբ, ինչին ի պատասխան Դանիբեկյանն ասաց, որ առանց այդ էլ նախատեսում էր դա անել։ Դատավորն ավելացրեց, որ հնարավորություն չունի պաշտպաններին իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն ընձեռել, քանի որ վերջիններս ներկա չեն։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական սանկցիայի կիրառման վերաբերյալ ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր երեկոյան՝ ժամը 17։50-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանները պահանջում են պարզաբանել մեղադրանքը
- Սիլվա Համբարձումյանի գործով Դատախազները հրապարակեցին մեղադրական ճառի եզրափակիչ մասը