Գիտաշխատողներն ահազանգում են՝ համալիրի կառուցումն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ
«Ոչ ոք չի խոսում այն մասին, թե մենք ինչ կկորցնենք այդ ներդրումով կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի հետևանքով»,-«Մեդիա Կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
Նրա խոսքով, եթե քիմիական ինստիտուտի հարևանությամբ՝ 30 մետր հեռավորության վրա կառուցվում է բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր, ապա հետո բնակիչները սկսելու են բողոքել նյութերի հոտերից։
«Գիտական կենտրոնն ու բնակելի շենքն այդ հատվածում անհամատեղելի են։ Արդեն երկու օր է՝ այնտեղ հորատման աշխատանքներ են իրականացվում, աշխատելն անհնար է դարձել։ Պատկերացրեք, եթե էքսկավատորներ աշխատեն, ինչպես ենք աշխատելու նման վիբրացիայի ու աղմուկի պայմաններում»,-ասաց նա։
Քննարկման մասնակից, ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին նկատեց, կենտրոնում առկա սարքերը շատ զգայուն են թե ցնցումների, թե փոշու նկատմամբ, դրանց վնասվելու ռիսկը շատ բարձր է։
«Մենք պետության աջակցությամբ շատ դժվարությամբ ենք կարողացել ձեռք բերել յդ թանկարժեք սարքավորումներւ։ Գիտությունը հայտարարվել է գերակա ուղղություն, մի ձեռքով կառավարությունը փորձում է աջակցություն տրամադրել, մյուս ձեքն էլ չգիտի, թե ինչ է անում։ Այս քայլերը պետք է քննարկվեն բոլոր գերատեսչությունների կողմից, որից հետո նոր որոշում կայացվի»,-ասաց նա։
Կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանն էլ նկատեց, ի պատասխան քննադատությունների իրենց առաջարկում են տանը նստել, ինստիտուտի տարածքը վարձակալությամբ տալ։
«Մեզ ասում են, այդպես ավելի լավ կապրեք։ Բացի այդ, ասում են, գիտնականներին մատչելի բնակարաններ կտրամադրվեն, ինչն ավելի շատ կաշառք է հիշեցնում։ Եթե խոսվում է ներդրման ու աշխատատեղ ստեղծելու մասին, ապա վնասն ավելի մեծ է։ 250 մարդու աշխատատեղ դնում են հարցականի տակ, որ հետո 100 աշխատատեղ ստեղծե՞ն»,-ասաց Հարությունյանը։
Ռոբերտ Հակոբյանը կասկած է հայտնում, որ կառավարությունից ինչ-որ մեկն է այդ գործընթացն առաջ բրդում։
«Ես մի օրինակ ասեմ, պատերազմի ժամանակ մեր ինստիտուտում շատ արագ կազմակերպվեց անհրաժեշտ դեղամիջոցի արտադրություն։ Այդ հնարավորությունը ևս մենք կորցնելու ենք «ներդրման» հետևանքով։ Խորհրդային միության ժամանակ երեք նման ինստիտուտ է կառուցվել, որից մեկը՝ Հայաստանում։ Նման ինստիտուտ կառուցելը թանկ հաճույք է։ Մեր ինստիտուտում 14 անուն դեղամիջոց է հայտնաբերվել, որից չորսը շարունակում են արտադրվել»,-ասաց կենտրոնի փոխտնօրենը։
Գիտաշխատողներն առաջարկում են, որ պետությունը կամք դրսևորի ու տարածքը հետ գնի, կամ էլ բարեխիղճ ընկերությանն այլ տարածք առաջարկի։
«Ճարտարապետը պետք է անհայրենիք լինի, որ նման համալիր կառուցելու թույլտվություն տրամադրի»,-ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։
Գիտական կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ. Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի համար
- Քիմիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են կարևորել գիտությունը
- ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան