Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին
Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:
«Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը:
Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ Թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն:
«Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», - հայտարարել է Պետեր վան Դալենը:
Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան