Իրանում զգում էինք հատուկ վերաբերմունք ու հարգանք հայերի նկատմամբ. Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Իրանում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը 5 օրվա ընթացքում 4 անգամ ցուցադրել է «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը։ Իրանցի հանդիսատեսի, նաև հայ համայնքի կողմից հայ դերասանների խաղն ընդունվել է մեծ ջերմությամբ և ոգևորությամբ։
Panorama.am-ի հետ զրույցում «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ թատերախումբը մասնակցել է իրանական «Ֆաջր» փառատոնին։
«Քանի որ արդեն մասնակցել էի այդ փառատոնին, գիտեի սահմանափակումները, գիտեի, որ այդ ներկայացումը համարյա չի տուժի այդ սահմանափակումներից, շատ հասկանալի կլինի իրանցի հանդիսականի համար, նաև լավ առիթ էր Թումանյանի այս պոեմի բեմադրության միջոցով ներկայացնել հայ մշակույթը»,- նշեց նա։
Բեմադրությունը հայերեն է եղել, նախապես հանդիսատեսին բաժանվել է փոքրիկ տեքստեր, թե ինչի մասին է այն։
«Որոշ արտահայտություններ, պոեմից դուրս, դերակատար Արման Նավասարդյանը պարսկերենով էր ասում, ինչն էլ ավելի էր ոգևորում հանդիսատեսին։ Ասում էին՝ շունչները պահած նայում էին, կրակոտ էր ու մոգական»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Համավարակով պայմանավորված՝ փառատոնի միջազգային մրցութային ծրագիրը չի կայացել, քանի որ քիչ երկրներից էին թատերախմբեր կարողացել ժամանալ Իրան։
Փառատոնի կազմակերպիչները հանդիպել են հայ թատերախմբի անդամների հետ, փոխադարձ համագործակցության մասին զրույցներ են եղել։
Թեհրանում և Սպահանում հայ համայնքի համար նույնպես ներկայացվել է «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:
«Ես իրանցիների հետ համատեղ աշխատել եմ «Եվա» գեղարվեստական ֆիլմի ժամանակ։ Իրականում շատ հիացած եմ թե իրենցով, թե իրենց պրոֆեսիոնալիզմով, մշակույթով։ Կարծում եմ՝ հիմա առավել քան կարևոր է մեր հարաբերություններն ավելի խորացնենք, ջերմացնենք։ Փոխադարձ հարգանք կա երկու ժողովուրդների միջև։ Օդանավակայանում, փառատոնի ընթացքում, երբ իմանում էին Հայաստանից ենք, հատուկ վերաբերմունք ու հարգանք էինք զգում նրանց կողմից։
Դա պետք է ավելի խորացնենք, որպեսզի մեր լավ հարևան երկիրը մեր կողքին լինի, մենք էլ իրենց»,- հատուկ շեշտեց Նարինե Գրիգորյանը։
Հարցին՝ տարբեր կրոններ դավանող, տարբեր քաղաքակրթություններ ունեցող երկու ժողովուրդների ի՞նչն է այդպես ամուր կապում, նա պատասխանեց. «Հետաքրքիր հարց է, իսկապես այնքան տարբերություններ կան։ Երկու հնագույն ժողովուրդներ ենք, կարծում եմ, դարերից եկող հարգանք է իրար նկատմամբ, իրար զգալ է»։
Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի նոր շենքին, Ն. Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական սպառազինության աշխատանքներ են ընթանում, հույս ունի արդեն հաջորդ տարի հանդիսատեսին կընդունեն նոր տանիքի տակ։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը դեռ չի որոշել, թե ինչ ներկայացմամբ կազդադարվի թատրոնի նոր շենքի բացումը։ Հնարավոր է հենց Ն. Գրիգորյանի կամ այլ ռեժիսորի, նաև հրավիրյալ, բեմադրություն լինի։ Նա հայտնեց, որ այս պահին աշխատում է Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի» բեմադրության վրա, եթե հասցնի, միգուցե հենց դրանով էլ բացվի թատրոնի նոր շենքը։
Նշեք, որ «Լոռեցի Սաքո» բեմադրությունը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտություն ունենք. Վարդան Ոսկանյան
- Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան