Կենտրոն և Նորք-Մարաշ շրջաններում հանցագործություններն ավելացել են
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների տարածքում անցած տարի արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց: Նման տվյալներ է հրապարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։
2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով:
«Այսինքն գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին»,-նշում են դատախազությունից։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկակական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը։
Ընդհանուր առմամբ, նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով: