Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:
Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում:
Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում:
Կանանց Մ20 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է B դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: