Մարմարաշենցիները ճանապարհ են փակել, պահանջում են Փաշինյանի ներկայությունը
Այսօր վաղ առավոտից Մարմարաշեն համայնքի բնակիչները մեքենաներով փակել են երևանից Արարատի մարզ տանող միջպետական ճանապարհը և կաթվածահար են արել երթևեկությունը Մասիսի գյուղեր տանող ուղղությամբ։ Մարմարաշենցիները կառավարությունից պահանջում են վերականգնել նախկինում ունեցած՝ Երևան տանող երթուղին ու տրանսպորտային միջոցը։
Ոստիկանությունը մի քանի մեքենաներով ուժ է կենտրոնացրել։ Բնակիչները պահանջում են կա՛մ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, կա՛մ երթուղայինը հենց այս պահին բերել մարզ։ Երկու ժամ է, արդեն, խաթարված է Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ և Նոր Կյուրի տանող ճանապարհի երթևեկությունը։ Գյուղացիները համառորեն չեն նահանջում։
Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները հայտնել են` սա արդեն երրորդ ակցիան է վերջին երկու ամիսներին, ու որ իրենց պահանջը հստակ է` առանձին երթուղով վերականգնել Երևանի հետ կապը։ Հրաժարվում են օգտվել Արտաշատի տրանսպորտային միջոցներից․ ասում են՝ ավելորդ ծանրաբեռնված է միշտ ու անհարմարություններ է ստեղծված իրենց համար։ Նախորդ տարվանից հանվել է 44 համարի երթուղային միջոցը․ մի քանի գյուղի բնակիչները օգտվում են սեփական տրանսպորտային միջոցներից, ինչը, իրենց խոսքով, թանկ է ու ոչ ձեռնտու։