Արցախի ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների» մասին օրենքը
«Ադրբեջանի Հանրապետության պարտադրված պատերազմի արդյունքում Արցախի տարածքների բռնազավթումը, օկուպացիան որևէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա»,- այսօր ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը՝ ներկայացնելով «Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների» մասին և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների դեօկուպացիայի, Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության հիմնարար և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադառնալու հրամայականով:
«Այս օրենքի ընդունումը հրամայական է, ինչ որ տեղ, միգուցե, նաև ուշացել ենք, բայց շատ կարևոր է ունենալ այն, քանի որ մեր երկրի մեծ մասը բռնագրաված է»,- կառավարության անունից ունեցած իր ելույթում ասաց ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ օրենքն իր մեջ ներառում է Արցախի ժողովրդի տեսլականն իր անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ:
«Սա պատմական քայլ է, որը ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար է»,- հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նկատեց, որ օրենքներն անվտանգության բաղադրիչներ ունեն և անպայման քննարկվելու են ԱԽ անվտանգության խորհրդում:
«Այս իրավիճակում չենք կարողանալու մեր ժողովրդի անվտանգությունը, ապագայի տեսլականն միայնակ որոշել: Հատկապես այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Արցախի ապագայի տեսլականին, լավ կլինի, որ և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը, և՛ ընդդիմությունը, և՛ արտախորհրդարնական ուժերը, նաև Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը դրա վերաբերյալ միատեսակ կարծիք ունենար»,- հայտարարեց Արցախի ԱԺ նախագահը:
ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների» մասին և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: