ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ՝ քննարկելու «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարության նախագիծը
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:
Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:
Թեեւ փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:
Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար:
Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով եւ այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ:
Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը: Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն:
Ազգային ժողովը հայտարարում է՝
Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։
«Հայաստան» խմբակցությունը նաև ներկայացրել է նման հայտարարությամբ հանդես գալու հիմնավորումը։ Հիմնական զեկուցողն է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- Ալիևը հաստատել է Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմական դաշինքը
- Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
- Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան