«Եթե այսօր մշակութային ցեղասպանության դեմ չպայքարեցինք, վաղն ուղղակիորեն կորցնելու ենք Արցախում հայկականությունը»
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բռնագաղթած արցախցիները և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:
«Եթե այսօր մենք սրա դեմ չպայքարեցինք և միջազգային բոլոր հնարավոր կառույցներին՝ հիմնականում այդ հարցում պարտավորություններ ունեցող ՅՈւՆԵՍԿՕ-ին չահազանգենք հիմնահարցը, ապա վաղը մենք ուղղակիորեն կորցնելու ենք Արցախում հայկականությունը, քանի որ ադրբեջանցիները ուզում են այնտեղից հայկակականության հետքը ջնջել և դրանով ջնջել հայկական կողմի ինքնորոշման իրավունքը Արցախում»,- հայտարարեց ակցիայի մասնակից «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունը դեռևս նախորդ տարվանից նամակ էր հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ բարձրացնելով Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության վերացման խնդիրը:
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչն էլ էր դիմել Հաագայի դատարան և ունեցել են պատմական նշանակության միջանկյալ վճիռ, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները, ձևախեղումը, յուրացումը և պատժել նման գործողություններ կատարողներին:
«Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է գնում, փոխում է մարտավարությունը և խնդիրը տանում է այլ դաշտ՝ իրեն դուրս բերելով իրավական դաշտից»,- նկատեց Աբրահամյանը և լկտի սուտ որակեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դարերով Արցախում առկա հայկական մշակութային ժառանգությունը հայերինը չէ:
Նա մտավախություն հայտնեց, որ եթե նպատակային գործողություններ չարվեն, ապա տարիներ շարունակ Ադրբեջանի առաջ տարած այդ ստին, հնարավոր է, որ արդեն հնարավոր չլինի հակազդել:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցները պարզել էին հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ և պաստառներ, որոնց վրա անգլերենով գրված էր. «Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջևանի մշակութային ցեղասպանության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան