Ակտիվացված ածուխի անպատեհ օգտագործումը կարող է լինել վնասակար. Պիպոյան
Փայտածուխը թունավորումներից բուժելու համար կիրառվում էր դեռ վաղնջական ժամանակներից, սակայն ակտիվացված ածուխը սկսել է կիրառվել միայն 1900-ականներին։ Այս մասին գրում է healthline.com-ը։ Այն ներառված է ԱՀԿ դեղամիջոցների ցանկում որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը։
Ակտիվացված ածուխը չեզոքացնում է օրգանիզմում թունավոր նյութերի ազդեցությունը:
Ակտիվացված ածուխը ցուցված է օգտագործել լուծի, գազեր առաջացման և այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են աղիներում խմորման պրոցեսով։ Ակտիվացված ածուխ օգտագործում են նաև դեղորայքային, սննդային և արդյունաբերական թունավորումների դեպքում:
Ակտիվացված ածուխ, դեղամիջոց, որն օգտագործվում է բերանային ճանապարհով առաջացած թունավորումների բուժման համար։ Առավել բարձր արդյունավետության հասնելու համար ցանկալի է այն կիրառել թունավորումից կարճ ժամանակ անց սովորաբար մեկ ժամվա ընթացքում]։ Այն արդյունավետ չէ ցիանիդներով, երկաթով, լիթիումով, սպիրտներով և մալաթիոնով թունավորումների ժամանակ։ Այն կարելի է օգտագործել բերանացի դեղահաբերի ձևով կամ նազոգաստրալ զոնդով։ Կիրառման այլ ձևերը ներառում են հեմոպերֆուզիոն մեխանիզմները։
Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են փսխում, կղանքի մգացում, փորլուծություն և փորկապություն։ Առավել ծանր կողմնակի ազդեցություններ են թոքաբորբը, որի պատճառը կարող է հանդիսանալ դեղահաբի ասպիրացիան դեպի շնչառական ուղիներ։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կիրառումն անվտանգ է։ Ակտիվացված ածուխն ազդում է տոքսիններն ադսորբելու մեխանիզմով։
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը կարծում է, որ ամեն դեպքում պետք է զգույշ լինել ակտիվացված ածուխ կիրառելիս։
«Ակտիվացված ածուխի անպատեհ օգտագործումը կարող է լինել վնասակար, իսկ շատերը դա օգտագործում են որպես դետոքս՝ փորձելով քավել օրգանիզմի հանդեպ գործած մեղքերը»,-նշում է նա՝ ընդգծելով, որ նկատի ունի այդպիսով մադիկ փորձում են ուտել ոչ լավորակ մթերքներ, վրայից խմելով ածուխ՝ կարծելով, թե կարող է ամբողջությամբ չեզոքացնել ֆասթֆուդի և այլ վնասակար ոըտելիքիների հետևանքները։
«Նմանատիպ խորամանկություն է նաև կիտրոնով ու կոճապղպեղով սմուզիներով մեղքերի քավությունը։Կոճապղպեղով ու կիտրոնով թեյը շատ լավորակ ըմպելիք է, բայց ֆասթֆուդի վնասները լիարժեք և ամբողջաան չեզոքացնել չի կարող. պետք է պարզապես հնարավորինս խուսափել դա ուտելուց,ուտելիս էլ չափ ճանաչել»,-ասում է Պիպոյանը։
Սննդագետը չի երաշխավորում ակտիվացված ածուխի կիրառությունը դետոքս նպատակներով:
«Ակտիվացված ածուխը թողարկվում է ինչպես հաբերի, այնպես էլ փոշու կամ հատիկի տեսքով: Կլինիկական պրակտիկայում ավելի գործնական է թվում փոշի կամ հատիկ օգտագործելը, որը հասանելի է 10-ից 100 գ չափաբաժիններով:Բերանային ուղով թույլատրվում է 25-100 գ՝ մեկ գրամ` յուրաքանչյուր կիլոգրամ մարմնի զանգվածի հաշվով,բայց շեշտում եմ՝ հատուկ ցուցման դեպքում. թունավորում և այլն»։
Ըստ ամերիկյան ամսագրի, քանի որ ակտիվացված ածուխն ունի ադսորբենտ հատկություն, այն կարող է նվազեցնել մյուս դեղամիջոցների ազդեցությունը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում այն օգտագործել մյուս դեղամիջոցներից զատ՝ առնվազն մեկ ժամ ընդմիջումով։
Երկարատև կիրառման դեպքում օրգանիզմում վիտամինի, հորմոնների, ճարպերի ու սպիտակուցների պակաս է դիտվում։ Ակտիվացված ածուխը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի, հատկապես` արյունահոսությամբ ուղեկցվող խոցային հիվանդությունների դեպքում: