Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում. Ռուբեն Մելիքյան
«Այս գործն առանձնահատուկ է, վաղուց չենք տեսել 10 ամբաստանյալով ակնհայտ քաղաքական գործ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «10-ի գործով» անցնող անձանցից մեկի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր հետաձգեց «10-ի գործով»՝ Արսեն Վարդանյանի, Էմանուել Սինանիի, Նարեկ Վերդյանի, Արշակ Սարգսյանի, Սարգիս Կարապետյանի, Տարոն Մանուկյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Ռ. Մելիքյանը նշեց, որ այդ մարդկանց մեջ շատ տարբեր մարդիկ կան՝ և քաղաքական գործիչներ, և՛ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ։
«Իմ վստահորդը հայրենադարձ երիտասարդ տղա է, որևէ կուսակցության անդամ չէ, քաղաքական գործունեության մասնակից չէ։ Ուղղակի մասնակցել է բողոքի ակցիային, որն ուղղված է եղել Սյունիքի մարզպետների դեմ իրականացված արշավին, ու այդ մասնակցության հետևանքով հայտնվել է դատարանում»,- ասաց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց, որ իր վստահորդի գործն առանձնահատուկ է այն մասով, որ նրան մեղսագրվում է նաև հավկիթ նետելը։
«Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում»,- ասաց Ռ.Մելիքյանը՝ ընդգծելով, որ այստեղ խտրականություն է իրականացվել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հարձակում էին գործել լրատվամիջոցի վրա, ձվեր նետել, սակայն նրանք պատասխանատվության չէին ենթարկվել, անգամ խուլիգանության կասկած պաշտոնապես չէր ներկայացվել։
«Սա խտրականություն է քաղաքական հիմքով, այն իրավիճակում, երբ մարդը դրանով իր բողոքի ձայնն է բարձրացրել, այն իրավիճակում, երբ տեղեկացված է եղել, որ այդ գործողության համար պատասխանատվություն փաստացի չկա»,-ասաց Ռ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս գործը հերթական քաղաքական հետապնդման փորձն է. «10-ի գործով» պաշտպան
- «Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում. Բագրատ Եսայան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի