Ախալքալաքում Թումո է բացվել
Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունել է իր առաջին ուսանողներին, հայտնում է Jnews-ը։ Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցության արդյունքում Թումոյի կրթական ծրագիրն այժմ հասանելի է ջավախքցի պատանիներին։
«Ախալքաղաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատ խորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մեր առաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ:
ՀՕՄ Ջավախքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը ասում է. «Համոզված ենք, որ այս ծրագիրը կոգեշնչի մեր երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները: Հույս ունենք` ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և մենք կընդլայնենք մեր համագործակցությունը Թումոյի հետ»:
Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի14 ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն:
Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում
- Գերմանիան կունենա Թումո կենտրոնների և տուփերի ցանց
- Թումո տուփեր բացվեցին Կապանում, Սևանում և Վայքում
- Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին