Միասին քայլենք, եթե փողոցում 5 հոգի քեզ մոտեցավ, մաղարիչ եմ անում, որ գնաս տժժաս. Գևորգ Պետրոսյանը՝ Վահան Քերոբյանին
«Մենք ժողովրդավարության բաստիոն չենք, քաղբանտարկյալների բաստիոն ենք, վերջիններիս հարցում Օլիմպոսի վրա ենք»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ եթե երկրի բնակիչների թվի վրա բաշխվեն քաղբանտարկյալները, ապա Հայաստանն առաջատար կլինի:
Նախկին պատգամավորը նաև շեշտեց, որ մարդու իրավունքների խնդրից բացի ՀՀ տնտեսությունն է շատ վատ վիճակում և տեղեկացրեց, որ տարբեր գործարարներից ստացած ահազանգերը փաստում են՝ Հայաստանում բիզնեսը մեռած է, հատկապես ժամանցի վայրերում ծխելու արգելքի մտցնելու պատճառով:
Նրա խոսքով՝ ծխելու դեմ հերթական սահմանափակումները լրջորեն կրճատել են ապրանքադրամային շրջանառությունը:
«Ըստ էության՝ ով որտեղ ուզում ծխում է, բայց տուժում է միջին բիզնեսը, իսկ այն ծնում է արտագաղթ»,- ասաց Պետրոսյանը՝ պնդելով, որ այսօր միջին և խոշոր բիզնեսն է ուզում հեռանալ Հայաստանից:
Նկատելով, որ այդ պայմաններում Հայաստանում մնում են ոչինչ չունեցողները և ամեն ինչ ունեցողները՝ բանախոսը եզրակացրեց, որ այդ պայմաններում հասարակության մեջ թշնամանքն է ավելանում:
Տնտեսության ներկայացված վատ վիճակի համատեքստում Գևորգ Պետրոսյանը, հիշելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն խոսքերը, թե փողոցում քայլելիս քաղաքացիներն իրեն մոտեցել և շնորհակալություն են հայտնել, հարցրեց, թե ինչի՞ համար էին շնորհակալություն հայտնում՝ արտագաղթի՞, սոված լինելո՞ւ, գործազրկությա՞ն աճի, թե՞ տնտեսությունը վարի տալու համար:
«Ես քեզ քուանշ եմ տալիս, Քերոբյան: Օր ու ժամ ասա, ես և դու Աբովյան պուրակից, իրար հետ 5 մետր հեռավորության վրա, քանի որ հետդ քայլելու առանձնապես ցանկություն չունեմ, քայլենք մինչև Հանրապետության հրապարակ, եթե քեզ 5 հոգի մարդ մոտեցավ ես մաղարիչ եմ անում քեզ, որ գնաս այդ օրը տժժաս, լավ զգաս»,- հայտարարեց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով մտավորականների հետ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հանդիպմանը՝ Պետրոսյանը հայտարարեց. «Ալեն, էդ ինչո՞ւ բերեցիր այդ արվեստագետներին փչացրեցիր, Հովհաննես Չեքիջյանին էլ կարծեք բերման ենթարկած լինեին, թևերը ընկած բերում ու տանում էին»:
Նա շեշտեց, որ հիասթափություն է ապրել իր կողմից շատ հարգված Ռուբեն Մաթևոսյանից, Հովհաննես Չեքիջյանից, Նարա Շլեպչյանից և մյուս գործիչներից՝ նկատելով, որ այդ արվեստի գործիչները իրենց ողջ կյանքում հեղինակություն են եղել ու հանդիպելով Ալեն Սիմոնյանին, մեկ վայրկյանում կորցրել են այն:
«Երևի Ալեն Սիմոնյանը վարչապետական նկրտումներ ունի և ցույց է տալիս, թե մտավորականները ինչպես են վերաբերում իրեն»,- ենթադրեց Գևորգ Պետրոյանը: