Մեծամորի հիվանդանոցում, Հերացիում դեռ շատ են սպիտակ պոլիէթիլենային պարկերը. Նաիրա Զոհրաբյան
«Եվորպայի խորհրդարանի՝ երեկ ընդունած բանաձևի 42-րդ կետում հստակ արձանագրված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Արցախի հարցի կարգավորման միակ լեգիտիմ մանդատը, և որ այն պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որոնցից մեկն ազգերի ինքնորոշման իրավունքն է»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ երբ Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա իշխանություններն Արցախի բանակցային գործընթացը համարում են տապալված ու փակված, երբ Ալիևն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է «թաղել», քանի որ խնդիրն այլևս կարգավորված է, կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, նման բանաձևի ընդունումը շատ կարևոր է:
Նաիրա Զոհրաբյանն հայտնեց, որ այդ բանաձևերի ընդունման մեջ Հայաստանի իշխանությունները ոչ մի մասնակցություն չեն ունեցել և ամեն ինչ կանեին, որ նման ձևակերպումներն այդ փաստաթղթից դուրս գային:
Բանախոսը տեղեկացրեց, որ այն ընդունելու համար աշխատել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակը և երեք անհատ՝ Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը և ինքը, և որ իր ձեռքի տակ է Ադրբեջանի դեսպանի բոլոր նամակները, որոնցում նա Եվրախորհրդին հորդորել է այդ ձևակերպումները հանել զեկույցից:
«ԵՄ-Ադրբեջան քաղաքական գործակցությանը վերաբերող մեկ այլ փաստաթղթում, որը պետք է քվեարկվի վաղը, ամրագրված է, որ այդ փոխգործակցությունը կարող է լինել միայն բոլոր գերեվարված անձանց վերադարձից հետո»,- ասաց Զոհրաբյանը և հույս հայտնեց, որ այդ ձևակերպումը մինչև քվեարկությունը կմնա փաստաթղթում:
Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թվին՝ հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ին Միքայել Մինասյանը հրապարակել էր, որ իր տեղեկություններով Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհվածի և հերձվածի, 1400 զոհված և դեռևս չհերձվածի, 1100 անհետ կորած զինվորականների մասին:
Նկատելով, որ, ըստ այդ թվերի, դեռևս 2020թ-ին զոհերի թիվը եղել է 4750՝ բանախոսը թվարկեց Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հրապարակած զոհերի բոլոր թվերը. «Ամփոփելով միայն պաշտոնական թվերը՝ ստանում ենք հետևյալ պատկերը՝ առաջին անգամ 3439, այնուհետև՝ 3621, 3700, 3773, 3778, 3809, 3812 զոհերի թվեր և ակնհայտ է, որ զոհվածների հրապարակած թվերն ավելին են, քան հայտնել են»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ զոհերի թիվը հասնում է 5 հազարի, և, նկատելով, որ ամեն մի թվի տակ մեկ ճակատագիր է, առաջարկեց անուն առ անուն հրապարակել զոհերին՝ նաև տեղեկացնելով, որ այսօր Մեծամորի հիվանդանոցում, Հերացիում դեռ շատ են սպիտակ պոլիէթիլենային պարկերը, որոնց վրա գրված են «Ֆրագմենտներ»:
«Մեկ րոպե անգամ չեմ կասկածում որ 44-օրյա պատերազմի Նյուրեմբերգը՝ մեծ արդարադատությունը, հրապարակային բաց դատը լինելու է և բոլորը իմանալու են թե ինչ է իրականում եղել, ովքեր են եղել դավաճանները և ինչու էին նրանք ազատության մեջ»,- հայտարարեց նախկին պատգամավորը: