Ռոբերտ Քոչարյան. Տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ
«Մեր սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ներածական խոսքում անդրադարձ կատարելով երկրի անվտանգային խնդիրներին։
Նրա խոսքով, պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունն ու սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։
«Անցած տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը դրա վառ ապացույցն են, իսկ վերջին 400-500 դոլարանոց լրտեսների մասին հաղորդագրությունը խոսում է զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նկատեց, որ ԶՈւ-ին բյուջեով հատկացված միջոցները հույս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։
«Կառավարությունը խնդրին բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ։ Նույնիսկ երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա։
Անդրադառնալով անվտանգության հաջորդ բաղադրիչին՝ ՀԱՊԿ-ին, Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեն շատ ավելի ջերմ ու ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ավելին, այդ երկրների ղեկավարներն անձնական շփումների մակարդակով շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։
«Հետևաբար, մտածել, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը կլիներ միամտություն։ Ուղղակի դա բացառվում է։ Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, այն լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Աշխատեց Ղազախստանի պարագայում»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս փաստի հետ պետք է հաշվի նստել։
«Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ։ Իհարկե, մնալ։ Առաջինը չկա այնպիսի կառույց, որ կփոխարինի ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որի շրջանակում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ինչ-որ չափով կարգավորվում է»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, անվտանգության երրորդ բաղադրիչը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։
«Այսօր միայն այդ գործոնն է մեր անվտանգության երաշխիքը։ Սա գործող հանգամանք է, բայց պատերազմն այստեղ վեր հանեց որոշ պրոբլեմներ՝ Ռուասաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց օժանդակության որոշ լիմիտներ։ Մինչ այդօր պատասխան չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Հայաստանի իշխանությունները հաշվարկե՞լ էին դա, թե՞ իրենց համար էլ էր դա անակնկալ։ Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Այս գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը չէին հաշվարկել, դա մեկ այլ մեղադրանք է, իսկ եթե հաշվարկել էին ու 2020-ի ամռանը Տավուշում գնացել էին «կոնֆլիկտ հրահրելուն», ապա դա մեկ ուրիշ մեղադրանք է կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ։
«Եթե այս բաղադրիչները միասին նայենք, ապա պատկերը տխուր է։ Ես չեմ տեսնում քայլեր, որոնք կփորձեն փոխել պատկերը, նվազեցնել մարտահրավերները։ Նման քայլեր ուղղակի չկան»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին