Կառավարությունն այսօր դրական եզրակացություն կտա ՔՊ պատգամավորի նախագծին և բացասական՝ նույն օրենքում «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն կտա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը և կմերժի նույն օրենքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած մեկ այլ նախագիծը:
Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ գործող օրենքով սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:
«Փաստորեն, գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,-ասվում է հիմնավորման մեջ:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվել է օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից:
«Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ օրենքի ներկա ձևակերպման արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ զինծառայողները տարբեր պայմաններից ելնելով՝ երբեմն իրենց կամքից անկախ հանգամանքներում, իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրերում, ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում և այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողներն իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաև Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ բնակարանում, որի սեփականատերը չի կնքել պայմանագիր»,-ասվում է փաստաթղթում:
Գործադիրը Թագուհի Թովմասյանի այս նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին