Պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայ պոեզիան՝ խմբերգային երաժշտության մեջ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ պոեզիայի երեկո երաժշտության համադրությամբ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, կներկայացնի Էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնց հիմքում հայկական պոեզիան է։
«Համերգին կներկայացնենք մեր պոեզիայի ամենահանճարեղ դեմքերի ստեղծած գործերը։ Կանդրադառնանք անպայման Չարենցին, Տերյանին, Իսահակյանին, Նարեկացուն, Ռուբեն Սևակին, Դուրյանին։ Այնպիսի հեղինակներ ենք ընտրել, որոնք համաշխարհային դեմքեր են։ Եվ մեր երեք կոմպոզիտորների միջոցով ներկայացնելու ենք նրանց գործերը»,-նշում է Ռոբերտ Մլքեյանը։